Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 31 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 31 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, Վրաստանից արտաքսել են 31 օտարերկրյա քաղաքացիների: Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել այս մասին։

Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Թուրքիայի, Կուբայի, Եգիպտոսի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Կոնգոյի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Նիգերիայի, Թաիլանդի, Քուվեյթի, Իսրայելի և Գանայի ընդհանուր առմամբ 31 քաղաքացի: Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Հատկանշական է, որ այս տարի միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները երկրից արդեն արտաքսել են ավելի քան 1000 օտարերկրյա քաղաքացիների, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է և զգալիորեն գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում արտաքսված անձանց ընդհանուր թիվը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է: Դրա լիազորություններից մեկը Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումն ու նրանց Վրաստանից արտաքսումն իրականացնելն է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։