Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 34 օտարերկրյա քաղաքացիների
Վերջին օրերին Վրաստանի ՆԳ նախարարության միգրացիոն դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 34 օտարերկրյա քաղաքացի։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, Վրաստանից արտաքսվել է Հնդկաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Ռուսաստանի, Իրանի, Հորդանանի, Պակիստանի, Ադրբեջանի, Նիգերիայի և Մարոկկոյի ընդհանուր առմամբ 34 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Վրաստանի ՆԳ նախարարության միգրացիոն դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկը Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումն ու արտաքսումն է», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։