Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ է ընտրվել Էնդի Բարնեմը, նա կդառնա երկրի նոր վարչապետը
Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ է ընտրվել Էնդի Բարնեմը, նա կդառնա երկրի նոր վարչապետը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիան»-ը։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ Բարնեմը գործնականում մրցակից չի ունեցել։ Նրա պարզաբանմամբ՝ առաջնորդության թեկնածուին նախ անհրաժեշտ էր խորհրդարանի պատգամավորների աջակցությունը՝ առնվազն 20%: Բարնեմը ստացել է 379 պատգամավորի ձայն, ինչը գերազանցել է այդ շեմը։ Իսկ երկրորդ թեկնածուին աջակցել է միայն մեկ պատգամավոր։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանից հետո Բարնեմին անհրաժեշտ էր նաև կուսակցության հետ կապված արհմիությունների և սոցիալիստական կազմակերպությունների աջակցությունը։ Բարնեմին աջակցել են բոլոր 11 արհմիությունները։
Իր ելույթում Բարնեմը նշել է, որ իր նախորդի՝ Կիր Սթարմերի ղեկավարությամբ լեյբորիստները «ամենածանր պարտությունից անցել են դեպի պատմության մեջ լավագույն հաղթանակներից մեկը տանող ուղին»։
Բարնեմի հայտարարությամբ՝ իր առաջին քայլը լինելու է Լեյբորիստական կուսակցության մշակույթի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ ինքը ձգտում է դեպի «նոր քաղաքականություն», որը հիմնված կլինի խնդիրների լուծման վրա։
«Ես կկառուցեմ նոր քաղաքականություն. երկիրն ունի դրա կարիքը։ Մենք հաճախ փորձում ենք ապացուցել մեր առավելությունը միմյանց նկատմամբ, բայց մարդկանց դա պետք չէ։ Նրանք ցանկանում են, որ մենք զբաղվենք իրական խնդիրներով։ Սա փոխվելու վերջին շանսն է, և մենք պետք է այն միասին օգտագործենք», – հայտարարել է Բարնեմը։