Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել Քիր Սթարմերի հետ տարաձայնությունների պատճառով
Ռոյթերսը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հրաժարական է տվել։
Նախարարը լքել է կաբինետը կառավարության ներսում ռազմական ծախսերի շուրջ տարաձայնությունների պատճառով։
Նախկին նախարարը մեղադրել է վարչապետ Քիր Սթարմերին երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չափով չհատկացնելու մեջ, մինչդեռ սպառնալիքները զգալիորեն աճել են։
«Դուք չեք կարողացել, և գանձարանը հրաժարվել է տրամադրել այն ֆինանսական միջոցները, որոնք երկրին անհրաժեշտ են աճող սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Պաշտպանության ներդրումային ծրագրի շրջանակներում առաջարկվող ֆինանսական փաթեթը, որի ամբողջական տարբերակը ես ստացել եմ միայն այս շաբաթ երկուշաբթի օրը, զգալիորեն ցածր է այն մակարդակից, որն անհրաժեշտ է պաշտպանության և ազգային անվտանգության համար այս հատկապես վտանգավոր ժամանակահատվածում», – ասել է Ջոն Հիլը վարչապետ Քիր Սթարմերին ուղղված հրաժարականի նամակում։
Ինչպես գրում է Ռոյթերսը, նախարարի հանկարծակի հրաժարականը, որը ուղեկցվել է սուր հրապարակային նամակով, ավելի է մեծացրել ճնշումը Սթարմերի վրա, ով բախվում է մարտահրավերների։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունները ամիսներ շարունակ բանակցություններ են վարել, թե ինչպես բավարարել ռազմական ծախսերի ավելացման աճող պահանջարկը։ Հենց այս անհամաձայնության պատճառով է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության ներդրումային ծրագրի հրապարակումը, որը սկզբնապես պետք է ներկայացվեր անցյալ տարի, հետաձգվեց։
Զինվորական ղեկավարները նշում են, որ ծրագիրը անհրաժեշտ է աճող սպառնալիքներին արձագանքելու համար, մասնավորապես՝ Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի և Մեծ Բրիտանիայի տարածքային ջրեր ներխուժումների ֆոնին։ Այնուամենայնիվ, կառավարությունը նաև փորձում է կրճատել պետական պարտքը, մինչդեռ երկրի հարկային բեռը գտնվում է տասնամյակների ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա։