Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրապարակել է 17 արտաքին գործերի նախարարների և Եվրամիության գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարությունը Վրաստանի վերաբերյալ
Վրաստանի վերաբերյալ 17 երկրի արտգործնախարարներն ու Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը համատեղ հայտարարություն են տարածում, որը Վրաստանում հրապարակել է Միացյալ Թագավորության դեսպանատունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ «անհապաղ ազատ արձակել անարդարաբար ձերբակալված քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին, չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը և ներգրավվել համազգային երկխոսության մեջ բոլոր համապատասխան կողմերի հետ»։
«Բելգիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության արտգործնախարարների և Եվրոպական միության բարձր ներկայացուցչի՝ 2025 թվականի հուլիսի 11-ի համատեղ հայտարարությունը Վրաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ։
Մենք՝ եվրոպական դեմոկրատական երկրների արտգործնախարարները, մտահոգությամբ և խորը անհանգստությամբ հետևում ենք Վրաստանում իրավիճակի վատթարացմանը։ Խստորեն դատապարտում ենք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալություններն ու կալանավորումները, որոնց նպատակն ակնհայտորեն մի քանի ամիս առաջ տեղական ընտրություններից՝ քաղաքական ընդդիմության ճնշումն է Վրաստանում։ Նրանց ձերբակալությունները, ինչպես նաև կամայական ձերբակալությունները և վրացական իշխանությունների նկատմամբ քննադատաբար տրամադրված անձանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, խաղաղ ցուցարարների և անկախ լրագրողների դեմ աճող ռեպրեսիան նպաստում են Վրաստանում դեմոկրատիայի քայքայմանը և երկրի արագ վերածմանը ավտորիտար համակարգի, ինչը հակասում է եվրոպական արժեքներին և նորմերին։ Վերջին օրենսդրական փոփոխությունները ուղղված են անկախ քաղաքացիական հասարակության և օրինական բողոքի ճնշմանը։ Վրաստանի իշխանությունների կողմից իրականացված քաղաքական ռեպրեսիաները հանգեցրել են մեր երկկողմ հարաբերությունների լուրջ վատթարացմանը, այդ թվում՝ Վրաստանի իշխանությունների հետ օգնության և համագործակցության սահմանափակմանը։ Այսօր Վրաստանի իշխանությունների ավտորիտար և հակաեվրոպական կուրսը ավելի է վտանգում երկրի դեմոկրատական ձեռքբերումներն ու մեր երկրների հետ հարաբերությունները։ Մենք շարունակելու ենք բացահայտել Վրաստանի իշխանությունների հակադեմոկրատական գործողությունները և մարդու իրավունքների խախտումները և պատրաստ ենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած մեխանիզմները, եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն խարխլել երկրի դեմոկրատիան և մարդու իրավունքների հարգումը։ Դեռ հնարավոր է փոխել կուրսը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել անարդարաբար ձերբակալված քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին, չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը և ներգրավվել համազգային երկխոսության մեջ բոլոր համապատասխան կողմերի հետ՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով», – նշված է հայտարարության մեջ։