Մեծ Բրիտանիայի դեսպանատուն. Մենք մտահոգված ենք յոթ ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցմամբ, որը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ և որի նպատակն է լռեցնել այդ կազմակերպություններին
Մեզ մտահոգում է յոթ ոչ կառավարական կազմակերպությունների համար բանկային հաշիվների սառեցումը. սա կարող է լինել քաղաքականապես դրդված, որի նպատակն է լռեցնել այդ կազմակերպություններին, – ասվում է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան հրապարակման մեջ՝ սոցիալական ցանցում։
Ինչպես նշում է դեսպանատուն, այն կոչ է անում Վրաստանի իշխանություններին չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը, դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա հարձակումները և սկսել երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ճգնաժամից ելք գտնելու նպատակով։
«Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է, որ Վրաստանի գլխավոր դատախազության պահանջով՝ ենթադրյալ սաբոտաժի վերաբերյալ քննության շրջանակներում, յոթ ոչ կառավարական կազմակերպության բանկային հաշիվները սառեցվել են։ Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ սա կարող է չլինել որևէ ապօրինի գործողության պատասխանը, այլ քաղաքականապես դրդված որոշում, որի նպատակը նշված ոչ կառավարական կազմակերպությունների լռեցումն է։
Նշված կազմակերպությունների գործունեությունը ներառում է ազատ և արդար ընտրությունների խթանումը և տեղեկատվության ազատությունը, իրավաբանական օգնության տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին, կանանց և երեխաների, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ու ընտանեկան բռնության զոհերի աջակցությունը։ Նրանց փակումը վնաս կհասցնի Վրաստանի բնակչությանը և էլ ավելի կթուլացնի ժողովրդավարական պաշտպանության մեխանիզմներն ու հաշվետվողականությունը երկրում։
Նշենք նաև Եվրոպայի խորհրդի՝ հասարակական կազմակերպությունների իրավունքների հարցերով փորձագետների խորհրդի վերջին կարծիքը, որում նշվում է, որ վերջին շրջանում հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ընդունված օրենքի կիրառումը «լուրջ և չարդարացված վնաս կհասցնի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը» և հակասում է այն բազմաթիվ պարտավորություններին, որոնք Վրաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ստանձնել է։
Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին չեղարկել ռեպրեսիվ օրենսդրությունը, դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա հարձակումները և սկսել երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ այս ճգնաժամից ելքի որոնման նպատակով», – գրում է դեսպանատուն։