Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ 150 000 անօդաչու թռչող սարք կգնի Ուկրաինայի համար
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ Կիևին կհատկացնեն 750 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ մեկ միլիարդ դոլար) արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը ներառում է 150,000 անօդաչու թռչող սարքերի մատակարարում և հակաօդային պաշտպանության համակարգերի ուժեղացում։
«Մինչև տարեվերջ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150,000 անօդաչու թռչող սարք՝ 752 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ֆինանսական օգնության փաթեթի շրջանակներում, որն ուղղված է Ուկրաինայի ազատության և ինքնիշխանության պաշտպանությանն աջակցելուն։ Այս փաթեթը ֆինանսավորվում է Բրիտանիայի կողմից Ուկրաինային հատկացված 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկի հաշվին, որը տրամադրվել է Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակներում։ Վարկի ապահովումն են հանդիսանում Ռուսաստանի սառեցված ինքնիշխան ակտիվներից ստացված եկամուտները, ինչի մասին անցյալ տարի հայտարարել էր ֆինանսների նախարարը»,- ասված է Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Փաթեթի շրջանակներում մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային կփոխանցվի նաև ավելի քան 350 հրթիռ հակաօդային պաշտպանության համակարգերի համար և ռադարներ, այդ թվում՝ թեթև բազմատարր հրթիռներ և ցամաքային ռադարային համակարգեր։
«Այս փաթեթը, որը ներառում է անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության հրթիռներ և ռադարներ, կօգնի Կիևին պաշտպանել անմեղ ուկրաինացիներին Պուտինի անօդաչուների և հրթիռների զանգվածային հարձակումներից»,- հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեն Ջարվիսը։