Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին հայտարարել է, որ Իսրայելին զենք վաճառելու թույլտվությունների մի մասը կդադարեցվի։
Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, Լեմիի խոսքով, բրիտանական կառավարությունն այս որոշումը կայացրել է արտահանման լիցենզիաները ստուգելուց հետո, որոնք բացահայտել են վտանգը, որ զենքը կարող է օգտագործվել միջազգային նորմերի խախտմամբ։
«Հանդիպելով նման հակամարտության՝ կառավարությունը պարտավոր է վերանայել բրիտանական արտահանման լիցենզիաները։ Սա ամբողջական արգելք չէ, սա զենքի մատակարարման էմբարգո չէ»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։
Լեմմին նշել է նաև, որ որոշումը կազդի 350 լիցենզիաներից մոտ 30-ի վրա։
Բրիտանիան ուղղակիորեն զենք չի մատակարարում Իսրայելին, սակայն արտահանման լիցենզիաներ է տրամադրում բրիտանական ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան զենք փոխանցել Իսրայելին։
Լոնդոնի որոշումը կայացվել է արևմտյան երկրների՝ Իսրայելի իշխանություններին ուղղված կոչերի ֆոնին, որպեսզի որքան հնարավոր է շուտ համաձայնագիր ստորագրեն հրադադարի և ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման վերաբերյալ: