Մեծ Բրիտանիան կարձագանքի, եթե ապացուցվի օտար երկրի ներգրավվածությունը նախկին ռուս սպայի թունավորմանը
Մեծ Բրիտանիան կարձագանքի, եթե ապացուցվի օտար երկրի ներգրավվածությունը նախկին ռուս սպայի թունավորմանը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը նախազգուշացրել է, որ Լոնդոնը անհրաժեշտ քայլերի կդիմի, եթե ապացուցվի, որ օտար պետություն է ներգրավված Անգլիայի Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորմանը: Այդ մասին հայտնում է  Ռոյտերս գործակալությունը:

«Մենք պետք է թույլ տանք՝ հետաքննությունն ընթանա, ինչպես կարգն է: Եթե այդ հետաքննության արդյունքներով ապացուցվի օտար պետության մասնակցությունը, դա, իհարկե, շատ լուրջ կլինի: Կառավարությունը դրան կարձագանքի համապատասխան ձևով»,- ասել է Համոնդը:

Հիշեցնենք, որ 66-ամյա Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին ենթարկվել են անհայտ նյութի ազդեցության անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

 Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: