Մենք չենք ծնվել, որ լինենք անհաջողակներ, մենք ամենախենթերն ենք. Միխեիլ Սաակաշվիլի
Մենք չենք ծնվել, որ լինենք անհաջողակներ, մենք ամենախենթերն ենք. Միխեիլ Սաակաշվիլի

Ինչ խոչընդոտների էլ հանդիպենք, անկախ սադրանքներից, Վրաստանը արթնացել է, Վրաստանը պատրաստ է հաղթանակի համար, հոկտեմբերի 31-ին ազատագրման համար, պատրաստ է կրկին լինել աշխարհում ամենապինդ երկրներից մեկը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ազատության հրապարակում հավաքված աջակիցներին դիմել է Ուկրաինայից:

Նրա խոսքով, Վրաստանում մարդիկ պայքարում են ոչ որևէ քաղաքական գործչի, այլ ավելի լավ կյանքի համար:

«Իմ սիրելիներս, տեսեք, թե այսօր քանի մարդ կա Թբիլիսիում: Ավելի ու ավելի շատ մարդիկ են գալիս: Անկախ նրանից, թե ինչ խոչընդոտներկստեղծեն, անկախ նրանից, թե ինչ սադրանքներ կազմակերպեն, Վրաստանը արթնացել է, Վրաստանը կհաղթահարի այդ աղետը: Վրաստանն այսօր, մեր Ազատության հրապարակում, հայտարարում է, որ պատրաստ է հաղթանակի: Ավելի քան յոթ տարի ես չեմ տեսել իմ երկիրը, բայց այն միշտ ինձ հետ է: Ես անընդհատ գուրգուրում եմ ձեզ և հաստատ գիտեմ, որ մենք առանձնահատուկ երկրի առանձնահատուկ զավակներ ենք: Մենք ունենք առանձնահատուկ գեն: Մենք չենք ծնվել անհաջողակ լինելու համար, մենք չենք ծնվել որևէ մեկի տակ լինելու համար, մենք չենք ծնվել, որ ինչ-որ մեկից ավելի վատը լինենք: Մենք ամենաուժեղն ենք, մենք ամենատաղանդավորն ենք, ամենաառանձնահատուկը, ամենահամարձակը, մենք ամենակայունն ենք, մենք ամենախենթն ենք, ճիշտ իմաստով: Ես լսում եմ ձեզ հաճախ և իսկապես խենթ եք, երբ խոսքը վերաբերում է շատ մեծ իրադարձություններին և մեր հաղթանակին: Ես ցանկանում են ասել, որ ամեն բան լավ է լինելու: 31-ին մենք կսկսենք վերամիավորել երկիրը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Բացի այդ, Միխեիլ Սաակաշվիլին դիմել է նաև «Վրացական երազանքի» կողմնակիցներին:

«Ես ուզում եմ ասել «երազանքի» աջակիցներին, ձեռք մեկնել միմյանց: Երեկ ու այսօր մենք կանք և եղել ենք հակառակորդներ, վաղը մենք մեկ երկրի զավակներ ենք: Ես ուզում եմ ասել, մեր հպարտ պետական ​​պաշտոնյաներին,  դուք նստած եք այն շենքերում, որոնք ես եմ կառուցել: Դուք ստանում եք այն աշխատավարձերը, որը ժամանակին ես եմ սահմանել և ցավոք, այն չեն բարձրացրել: Դուք գիտեք, որ ես սիրում եմ ձեր կատարած ծանր աշխատանքը, գիտեք, որ ձեր կողքին եմ: Գիտեք, որ ոչ ոք ձեզ չի կպչի, քանի որ դուք կատարում եք ձեր պարտավորությունները, անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում նախորդ տարիներին, նշանակություն չունի, ձեր փորձը ոսկու գին ունի: Համոզված եմ, որ ձեզանից շատերը, մեծ մասը, աջակցում են վրացական պետությանը: Իմ խնդիրն իշխանության համար պայքարելը չէ, ես ընդհանրապես չեմ մտածում որևէ աշխատասենյակի մասին, սակայն հստակ գիտեմ, թե ինձ ինչն է հետաքրքրում ՝ հպարտանալ մեր երկրով, լինել ամբողջ մոլորակի ամենավառ կետերից մեկը: Վրաստան մեծ ազգային ալիք է բարձրանում, մեծ քանակությամբ էներգիա է կուտակվել և այդ էներգիան կկոտրի բոլոր արգելքները, կկործանի բոլոր կեղծիքները: Կեղծիքների պատասխանը չի լինի նահանջն ու նվաստացումը: Կեղծիքի պատասխանը կլինի արժանապատվությունը, հարձակումը և ժողովրդի կողմից շատ արագ իշխանության զավթումը: Ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Սաակաշվիլին հանրահավաքի մասնակիցներին: