Մեկնարկել է Իրակլի Կոբախիձեի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
Մեկնարկել է Իրակլի Կոբախիձեի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Կոբախիձեին Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալ Սայեն։

Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողականության նախարար Շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյանի հետ։

«Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության հուշագիր խոշորագույն զարգացման ընկերություններից մեկի՝ EMAAR-ի հետ, որի շրջանակներում Վրաստանում կիրականացվի մի քանի միլիարդ դոլարի ներդրում։

Բացի այդ, նախատեսվում է հանդիպում Աբու Դաբիի պետական ​​ներդրումային ընկերության և նրա լոգիստիկ ստորաբաժանման՝ Abu Dhabi Ports Group-ի հետ, որն ակտիվորեն ներգրավված է Միջին միջանցքի զարգացման մեջ և Թբիլիսիի հետ իրականացնում է չոր նավահանգստի նախագիծ, որը կավարտվի 2025 թվականին: Նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ընկերության հետ համագործակցությունը ռազմավարական, լոգիստիկ և տրանսպորտային ծրագրերում։

Վրաստանի վարչապետը Աբու Դաբի է մեկնել առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ: