Մեքսիկայում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն ստորջրյա քարանձավը
Մեքսիկայում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն ստորջրյա քարանձավը

Մեքսիկայի Քինտանա Ռո նահանգի տարածքում մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են  աշխարհի խոշորագույն ստորջրյա քարանձավը, որը ձգվում է 347 կմ տարածքի վրա: Այս մասին հայտնում է Gran Acuífero Maya  հետազոտական ծրագրի Maya կայքը:

Այս հայտնաբերումը  հնարավոր է  դարձել  հետազոտողների աշխատանքի շնորհիվ, որոնց հունվարի 10-ին հաջողվել է միացնել երկու խոշոր ջրային քարանձավային համակարգեր`  Յուկատան թերակղզու հյուսիսում գտնվող Սակ Աքթուն եւ Դոս Օհոսը։

«10 ամիս տեւած լարված աշխատանքից հետո թիմը կարողացել է իրար կապել աշխարհի երկու խոշոր ստորջրյա քարանձավները»,- նշված է կայքում։

Համաձայն կայքում ներկայացված տեղեկությունների՝ նախկինում  ռեկորդը պատկանում էր Տուլումից հարավ գտնվող Օքս Բել Հա քարանձավին, որի երկարությունը կազմում է 270 կիլոմետր։

Քարանձավագիտության կանոնների  համաձայն՝ քարանձավային համակարգերը միացնելուց հետո ավելի խոշորը կուլ է տալիս փոքրին, որի արդյունքում վերջինի անվանումը անհետանում է։ Նախորդ շաբաթ միավորված քարանձավներից խոշորը Սակ Աքթուն է, ուստի Դոս Օհոսը դադարում է գոյություն ունենալ։