Մեքսիկայում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի ափամերձ Չիապաս նահանգի Ակիլես Սերդան քաղաքից 48 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։
Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնը հայտարարում է, որ էպիկենտրոնից 300 կիլոմետր շառավղով հնարավոր են ցունամիի ալիքներ։
Կենտրոնի տեղեկությամբ՝ Գվատեմալայի և Մեքսիկայի ափերին հնարավոր են մակընթացության մակարդակից մինչև մեկ մետր բարձրության ցունամիի ալիքներ։ Չիապասի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է առնվազն երկու վիրավորի մասին․ մեկ մարդ վնասվածք է ստացել շենքի երրորդ հարկից ցած թռչելու հետևանքով, իսկ երկրորդը տուժել է ավտոսրահի դռան փլուզման պատճառով։
Իշխանությունները նաև տեղեկատվություն են տարածել գազի արտահոսքի, պատերի փլուզման, առաստաղի պանելների ընկնելու, ճաքերի և այլ չնչին կառուցվածքային վնասների մասին։
Գվատեմալայի նախագահ Բեռնարդո Արևալոն հայտարարել է, որ զոհերի մասին տեղեկությունը դեռևս չի հաստատվել, և մշակվում են արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ։
Իշխանությունները հայտնել են շենքերի ճակատային մասերի վնասման և այլ չճշտված «փլուզումների» մասին։ Սալվադորի հրշեջ ծառայությունը նույնպես հայտարարել է, որ երկրում առայժմ ոչ մի վնաս չի նկատվում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ տարածաշրջանում զգացվել են մի քանի հետցնցումներ, որոնցից մեկի նախնական հզորությունը եղել է 6․0 մագնիտուդ։