Մայք Պոմպեոն հուլիսի 5-ին մեկնելու է Հյուսիսային Կորեա
Մայք Պոմպեոն հուլիսի 5-ին մեկնելու է Հյուսիսային Կորեա

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, հուլիսի 5-ին մեկնելու է Հյուսիսային Կորեա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Ամերիկացի դիվանագետը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Կորեական թերակղզու միջուկային զինաթափման հարցը: Դրա համար հարկավոր է, որ Փհենյանը ներկայացնի իր ողջ միջուկային ներուժը: Հյուսիսային Կորեա այցի ժամանակ Պոմպեոն պահանջելու է միջուկային ողջ զենքի ցուցակի ներկայացումը:

Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից հետո, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը Տոկիոյում հանդիպելու է Հարավային Կորեայի և Ճապոնիայի լիդերների հետ և շարունակելու է միջուկային զինաթափման հետ կապված բանակցությունները:

Սա ԱՄՆ-ի պետքարտուղարի արդեն երկրորդ այցն է հյուսիսային Կորեա:

Մի քանի օր առաջ, ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման հետ կապված համաձայնությունը ներառում է մեկ ամյա ծրագիր: Սակայն ամերիկյան մամուլը ձեռք է բերել կենտրոնական հետախուզական գործակալության փորձագետների հաշվետվությունները, որի համաձայն, Կորեայի թերակղզում վերջին ամիսներին ավելացել է գաղտնի կայաններում ատոմային էներգիայի արտադրությունը: