Մարթա Կոսի. Վրաստանի կառավարության գործողությունները փաստացի կասեցրել են նախաանդամակցման գործընթացը, իշխանությունները պետք է շտապ փոխեն իրենց ընթացքը
Եվրահանձնաժողովը համարում է, որ Վրաստանը ներկայումս միայն անվամբ է թեկնածու երկիր։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնաժողովար Մարթա Կոսը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ պատգամավորներին ներկայացվել են ընդլայնման գործընթացում ընդգրկված երկրների առաջընթացի վերաբերյալ զեկույցներ։
Նրա խոսքով՝ Վրաստանում իրավիճակը կտրուկ վատթարացել է։
«Թեկնածու երկրներում ժողովրդավարության նման մակարդակի նահանջ երբեք չի արձանագրվել։ Մենք ականատես եղանք իրավունքի գերակայության արագ անկման և հիմնարար իրավունքների խիստ սահմանափակումների։ Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ փոխեն իրենց կուրսը և արձագանքեն քաղաքացիների՝ եվրոպական ապագայի պահանջին։ Վերջին տարիների Եվրոպական խորհրդի եզրակացությունների համաձայն՝ Վրաստանի կառավարության քայլերը փաստացի դադարեցրել են անդամակցության նախապատրաստական գործընթացը, և դրանից հետո, ժողովրդավարական հիմքերի խախտման պայմաններում, հանձնաժողովը համարում է, որ Վրաստանը ներկայումս միայն անվամբ է թեկնածու երկիր»,- հայտարարել է Մարթա Կոսը։
Եվրահանձնաժողովը այսօր հրապարակել է ԵՄ ընդլայնման մասին զեկույց, որում Վրաստանի մասին նույնպես անդրադարձ կա՝ այլ թեկնածու երկրների շարքում։