Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը հրավիրված է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, և հրավերն ընդունելու դեպքում Թրամփի հետ հանդիպելու հնարավորություն կունենա
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված է «Մեծ քսանյակի» առաջիկա գագաթնաժողովին։
Ռուբիոյի խոսքով՝ հույս ունի, որ Պուտինը ընդունելու է հրավերը։
Նրա պարզաբանմամբ՝ գագաթնաժողովին մասնակցությունը Ռուսաստանի նախագահին Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու հնարավորություն կտա։
«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն կլինի շփվելու ոչ միայն նախագահի, այլև աշխարհի այլ առաջնորդների հետ։ Հույս ունենք, որ նա կընդունի այս հրավերը։ Եթե դա տեղի ունենա, դեկտեմբերին նրանք հանդիպելու հնարավորություն կունենան։ Եթե նրանց հանդիպելու ևս մեկ հնարավորություն տրվի, և այդ հանդիպումը կոնկրետ նպատակ ունենա, դա լավ կլինի։ Նրանք արդեն բազմիցս խոսել են հեռախոսով։ Ստույգ թիվը չգիտեմ, բայց այն բանից հետո, երբ նախագահը վերադարձավ պաշտոնին, կարծում եմ՝ առնվազն տասը անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այնպես որ, մենք կրկին բաց կլինենք շփման համար։ Ակնհայտ է, որ իդեալական տարբերակը կլիներ այնպիսի հանդիպումը, որը կունենար կոնկրետ արդյունք և համաձայնեցված նպատակ։ Դրա համար նախապես շատ աշխատանք է անհրաժեշտ։ Այնուամենայնիվ, եթե նախագահ Պուտինը դեկտեմբերին մասնակցի գագաթնաժողովին, դա իսկապես հնարավորություն կլինի նրանց համար հանդիպելու և զրուցելու», – նշել է Մարկո Ռուբիոն։
Ի գիտություն՝ սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է Մայամիում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, հանդիպել Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահը հրավեր ունենա։