Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ ԱՄՆ-ն այսօր պատասխան է սպասում Իրանից՝ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ ԱՄՆ-ն այսօր պատասխան է սպասում Իրանից պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ «Հուսով եմ, որ լուրջ առաջարկ կլինի»,- նշել է Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ եթե Իրանն իսկապես ծրագրում է հարկ սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, ապա ԱՄՆ-ի համար դա կլինի «անընդունելի»։
Բացի այդ, ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ Իտալիայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հարցը չի քննարկվել։ Միևնույն ժամանակ, խոսելով Գերմանիայից 5 000 զինծառայողի դուրսբերման մասին, Ռուբիոն նշել է, որ դա կազմում է ամբողջ կոնտինգենտի միայն 14%-ը։
Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ՝ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել, թե ինչպես վարվել ՆԱՏՕ-ի այն անդամների հետ, ովքեր Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ Ամերիկային թույլ չեն տվել օգտագործել իրենց ռազմական բազաները։ «Եթե ՆԱՏՕ-ում լինելու հիմնական նպատակներից մեկը Եվրոպայում զորքեր տեղակայելն է՝ անհրաժեշտության դեպքում այլ տարածաշրջաններում գործողություններ իրականացնելու համար, և այժմ որոշ անդամների կողմից դա անհնար է դարձել, դա խնդիր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշում է, որ ինքը «ՆԱՏՕ-ի հաստատակամ կողմնակիցն է», սակայն «եվրոպական որոշ երկրներ», օրինակ՝ Իսպանիան, «հրաժարվեցին բազաների օգտագործումից շատ կարևոր, չնախատեսված դեպքի համար»։ Նրա խոսքով՝ դա «ավելորդ վտանգներ ստեղծեց» ԱՄՆ-ի համար, երբ այն փորձում էր հարձակում իրականացնել Իրանի դեմ։