Մարկո Ռուբիոն ասում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվում: Ռուբիոյի խոսքով՝ այս հարցի շուրջ վերջնականապես ոչինչ համաձայնեցված չէ, չնայած կան առաջխաղացման քայլեր:
«Այս ամբողջ ընթացքում, երբ մենք խոսում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի մասին, անընդհատ մեկ բան է ի հայտ եկել՝ անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի և, ավելի լայն առումով, եվրոպական մայրցամաքի հետպատերազմյան անվտանգության համակարգը: Սա հիմնական թեմաներից մեկն է, որը մշտապես առկա է բոլոր զրույցներում», – նշել է Ռուբիոն:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ներկայացվել են այս համակարգի հնարավոր ձևի վերաբերյալ նախնական տեսակետներ: Ռուբիոն նշել է, որ դրա համար նախ պետք է ավարտվի պատերազմը:
Ռուբիոն նաև խոսել է Իրանի հետ բանակցությունների մասին և նշել, որ ԱՄՆ նախագահը նախընտրում է բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, չնայած դա միշտ չէ, որ հնարավոր է:
«Այժմ այս բանակցությունները պակաս արդյունավետ են, քանի որ Իրանի պահանջները ոչ միայն անընդունելի են, այլև որոշ դեպքերում աբսուրդային և անիրատեսական», – բացատրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բացի այդ, Մարկո Ռուբիոն աջակցել է Դոնալդ Թրամփի՝ Իրանին դիմակայելու որոշմանը։
«Նախագահը բացահայտել է այս երկրի համար շատ իրական սպառնալիք, որը երկար ժամանակ գոյություն ունի և զբաղվել է դրանով, չնայած հաճախ այն, ինչը ճիշտ է երկրի համար, ժողովրդականություն չի վայելում, բայց անհրաժեշտ է», – ասել է Ռուբիոն։