Մարկո Ռուբիոն ասում է, որ երբ սկսվեն իրական բանակցությունները, գործընթացում պետք է ներառվեն Ուկրաինան և Եվրոպան
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ երբ սկսվեն իրական բանակցությունները, գործընթացում պետք է ներառվեն Ուկրաինան և Եվրոպան։ Այս մասին նա խոսել է CBS News-ին տված հարցազրույցում։
Ըստ Մարկո Ռուբիոյի՝ խաղաղ գործընթացը մեկանգամյա հանդիպում չէ, քանի որ այս հակամարտության ավարտը հեշտ չի լինի, այս խնդիրը չի լուծվի մեկ հանդիպումով։
«Երբ նախագահ Թրամփն իր թեկնածությունն էր առաջադրում, նա շատ հստակ հասկացրեց, որ այս պատերազմը պետք է դադարեցվի, և եթե նա տեսնի այն ավարտելու հնարավորությունը, որը փնտրում է, մենք կօգտագործենք այն: Ի վերջո, սա կհասնի մի փուլի, եթե իրական բանակցություններ լինեն։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց եթե դա տեղի ունենա, Ուկրաինան պետք է ներգրավվի, քանի որ դա այն երկիրն է, որտեղ նրանք ներխուժել են, և եվրոպացիները պետք է ներգրավվեն, քանի որ նրանք պատժամիջոցներ ունեն Պուտինի, Ռուսաստանի դեմ և նրանք իրենց ներդրումն են ունեցել այս ջանքերում: Մենք պարզապես դեռ չենք հասել այնտեղ, բայց հուսով եմ, որ կհասնենք, քանի որ ցանկանում ենք տեսնել այս պատերազմի ավարտը», – ասաց Մարկո Ռուբիոն:
Պետքարտուղարն ասել է, որ անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը առաջին քայլն էր այս գործընթացում, սակայն առջևում երկար ճանապարհ կա և շատ աշխատանք կա անելու։