Մարկո Ռուբիոն ասում է, որ ԱՄՆ-ը 30-օրյա հրադադարի առաջարկի շուրջ Ռուսաստանի հետ հաղորդակցություն կունենա այսօր
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այսօր կապի մեջ կլինի Ռուսաստանի հետ՝ կապված 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկի հետ։ Ռուբիոն այդ մասին հայտարարել է Իռլանդիայում, ուր ժամանել է Սաուդյան Արաբիայից։
Պետքարտուղարի խոսքով՝ ռուսական կողմի հետ շատ շփումներ կլինեն։
«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք Ռուսաստանի արձագանքին և կոչ ենք անում նրանց մտածել ռազմական գործողությունների դադարեցման մասին, դադարեցնել մարդկանց սպանությունները, դադարեցնել գնդակների արձակումը և սկսել կայուն խաղաղության հասնելու գործընթացը: Կարծում եմ՝ առաջին քայլը գիտակցելն է, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Կողմերից ոչ մեկը չի կարող ռազմական ճանապարհով հասնել իր մաքսիմալիստական նպատակներին։ Այս հակամարտությունը վերջ տալու միակ ճանապարհը բանակցություններն են։ Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք խաղաղություն ունենալ։ Այսպիսով, մենք պետք է սկսենք գործընթացը, և դժվար է սկսել գործընթացը, երբ մարդիկ կրակում են միմյանց վրա, իսկ մարդիկ սպանվում են: Ուստի մենք հուսով ենք, որ մենք կարող ենք դադարեցնել այս պայքարը և նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ երկու կողմերը որոշակի ժամանակ անց, մեծ աշխատանքի միջոցով, կարող են հասնել փոխադարձ ընդունելի արդյունքի, որը Ուկրաինայի դեպքում կապահովի երկարաժամկետ բարգավաճում և անվտանգություն»,- ասել է Ռուբիոն։
Ինչպես նշել է Ռուբիոն, «Հուսանք, որ Ռուսաստանը կընդունի առաջարկը»։ Պետքարտուղարի խոսքով՝ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինայում լինի երկարատև և տեւական խաղաղություն, հրադադար ոչ թե 30 կամ 60 օրով, այլ մշտապես, և դրա համար երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք ուրախ ենք, որ Ուկրաինան համաձայնել է դրան։ Հիմա Ռուսաստանը պետք է ասի «այո»։ Եթե նա համաձայնի, դա լավ նորություն կլինի, և մենք ամեն ինչ կանենք այս գործընթացն առաջ տանելու համար։ Եթե նրանք հրաժարվեն, ապա մենք ստիպված կլինենք ամեն ինչ քննել և պարզել, թե որտեղ ենք մենք աշխարհում և որոնք են նրանց իրական մտադրությունները։ Կարծում եմ, եթե նրանք հրաժարվեն, դա մեզ շատ բան է ասում, թե ինչ նպատակներ ունեն և ինչպիսի մտածելակերպ ունեն: Սակայն ես չեմ ուզում խոսել այդ մասին, քանի դեռ մեզ չեն պատասխանել»,- ասել է Ռուբիոն։
Մարկո Ռուբիոյի խոսքով՝ բոլորը գիտակցում են, որ բանակցությունները հեշտ կամ արագ չեն լինելու։