Մարկո Ռուբիո. Իրավիճակը ռազմական լուծում չունի, ռուսները չեն կարող տիրանալ ողջ Ուկրաինային, և Ուկրաինայի համար դժվար կլինի ստիպել ռուսներին վերադառնալ այնտեղ, որտեղ նրանք 2014 թվականին էին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ռուսներին վերադարձնել այն տարածքները, որտեղ նրանք գտնվում էին 2014 թվականին։ Այս մասին լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն։
Ռուբիոյի խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան այս պատերազմը վերջ տալու համար։
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի: Ռուսները չեն կարող տիրանալ ողջ Ուկրաինային, և պարզ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամկետում ստիպել ռուսներին վերադառնալ այնտեղ, որտեղ նրանք եղել են 2014 թվականին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն նաեւ նշել է, որ Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում անհրաժեշտ կլինի որոշել, թե ինչից են նրանք պատրաստ հրաժարվել։