Մարիամոբան Սիոնիի տաճարում [Լուսանկար]
Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին օգոստոսի 28-ին նշում է Մարիամոբա տոնը։ Հանդիսավոր պատարագ է մատուցվում բոլոր գործող եկեղեցիներում և վանքերում։
Հանդիսավոր պատարագ է անցկացվել նաև Սիոնի Սբ. Կաթեդրալ տաճարում։ Պատարագը կատարել է Պատրիարքական գահի տեղապահը՝ Սենակիի և Չխորոցքուի մետրոպոլիտ Շիոն (Մուժիրը)։
Քրիստոնեական աշխարհում Սուրբ Երրորդությունից հետո փառաբանվում է Սուրբ Կույս Մարիամը։ Տասներկու մեծ տոներից երեքը՝ Սուրբ Մարիամի ծնունդը, ննջումը և Տաճար ընծայումը, ուղղակիորեն նվիրված են Աստվածածնին։ Եկեղեցական ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո Սուրբ Կույս Մարիամը հաճախ էր աղոթում Տիրոջը, որ շուտով ընդունի իր հոգին երկնքի արքայություն։ Մի օր, երբ Մարիամը աղոթում էր Փրկչի դամբարանում, նրան հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը՝ ձեռքին ձիթենու ճյուղով, և ավետում, որ երեք օրից կհանգչի։ Ըստ ավանդության՝ Աստվածածնի ցանկությամբ Տերն իր շուրջ է հավաքում քարոզչության մեջ գտնվող սրբոց առաքյալներին, որպեսզի նրանք հրաժեշտ տան նրան նրա ննջման օրը։ Երրորդ ժամին (մոտավորապես առավոտյան 09:00-ին), երբ Աստվածածինը հեռացավ այս աշխարհից, այն սենյակը, որտեղ նա պառկած էր, լուսավորվեց զարմանալի լույսով։ Նրա սուրբ մարմինը Սիոն լեռից տեղափոխեցին Գեթսեմանիա։ Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը երկինք է բարձրացրել իր մոր սուրբ և անարատ հոգին։ Քանի որ Սուրբ Կույս Մարիամն իր կյանքի վերջին տարիները անցկացրել է Սիոն լեռան վրա, նրան նվիրված ննջման տաճարներն անվանում են Սիոն։




