Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Ճապոնիայի դեսպան Իշիդզուկա Հիդեկիին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն։
Մարիամ Քվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, ինչպես նաև այն օգնության համար, որն արդեն տարիներ շարունակ Ճապոնիան ցուցաբերում է Վրաստանին նրա անկախությունից ի վեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները։ Ընդգծվել է երկկողմ տնտեսական կապերի դրական դինամիկան, որը սկսվել է ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Նշվել է նաև, որ առկա է համագործակցության մեծ տնտեսական ներուժ՝ առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, քաղաքացիական ավիացիայի, ծովային տրանսպորտի, ներդրումների և այլ ոլորտներում։
Բարձր գնահատվել է նաև երկրների միջև տնտեսական հարցերի քննարկման արդյունավետ հարթակի՝ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առկայությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի արագ և արդյունավետ լուծումներ գտնել Վրաստանի և Ճապոնիայի միջև բոլոր առաջնահերթ տնտեսական հարցերի համար։
Նշվել է, որ Վրաստանի կողմը Ճապոնիայի համապատասխան գերատեսչությանը արդեն փոխանցել է տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է հանձնաժողովի ձևավորում։
Հատուկ ուշադրություն է դարձվել Ճապոնիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման կարևորությանը։ Ընդգծվել է, որ Ճապոնիան Վրաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է, և նման համաձայնագրի առկայությունը կնպաստի տնտեսական կապերի հետագա խորացմանը։
Քննարկվել է նաև Վրաստանի և Ճապոնիայի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հարցը, որը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման հարցին։
Տեղեկատվությունը տարածում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։