Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փըրսելի հետ
Տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Փերսելի հետ։
Վրաստանի Տնտեսության նախարարության տեղեկությամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
Նրանց հաղորդմամբ՝ ուշադրություն է դարձվել երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությանը։
«Նշվել է, որ վրացական կողմը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկմամբ և ռազմավարական համագործակցության վերականգնմամբ։ Նախարարը հատկապես ընդգծել է նախագահ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների կարևորությունը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման համար։ Նրա խոսքով՝ այս արդյունքը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար, ինչը Վրաստանի կառավարության քաղաքական առաջնահերթությունն է։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության լայն շրջանակ, ներառյալ երկկողմ առևտուրը, ներդրումները և տրանսպորտը։ Երկու կողմից էլ հատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքի զարգացման կարևորությանը։ Ընդգծվել է Վրաստանի՝ որպես տարածաշրջանային տարանցիկ նախագծերի առանցքային դերակատարի դերը, ինչպես նաև Միջին միջանցքի՝ Եվրոպան և Ասիան կապող կայուն, անվտանգ և արդյունավետ տարանցիկ երթուղու զարգացման նշանակությունը։ Ուշադրություն է դարձվել նաև ենթակառուցվածքային նախագծերին, որոնք Վրաստանի կառավարությունը իրականացնում և պլանավորում է՝ Միջին միջանցքի զարգացումը և մրցունակության բարձրացումը ապահովելու համար։ Նշվել է նաև, որ աճել է երկու երկրների միջև առևտրի ծավալը, որը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար», – ասված է Տնտեսության նախարարության հաղորդագրությունում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն։