Մարդահամարի նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3,914 հազար մարդ
Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3,914 հազար մարդ, որից 2,078 հազարը (53 տոկոսը) կանայք են, իսկ 1,836 հազարը (47 տոկոսը)՝ տղամարդիկ, – այս մասին ասվում է Վիճակագրության ծառայության կողմից անցկացված բնակչության մարդահամարի նախնական արդյունքներում։
Վիճակագրության ծառայության հաղորդմամբ, կանանց մասնաբաժինը համեմատաբար բարձր է Թբիլիսիում (56 տոկոս) և Քութայիսիում (55 տոկոս), իսկ Մցխեթայի (49 տոկոս), Խարագաուլիի (49 տոկոս) և Սագարեջոյի (49 տոկոս) մունիցիպալիտետներում՝ համեմատաբար ցածր։
Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարը անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Մարդահամարը ընդգրկել է երկրի ամբողջ տարածքը, բացառությամբ օկուպացված տարածքների։ Միջազգային մեթոդաբանության համաձայն, մարդահամարի են ենթարկվել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։
Մարդահամարի արդյունքների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում բնակվում է 2,423 հազար մարդ (62 տոկոս), իսկ գյուղական վայրերում՝ 1,491 հազար մարդ (38 տոկոս)։
Ըստ տարածաշրջանների, քաղաքային բնակավայրերում բնակվող բնակչության մասնաբաժինը, բացի Թբիլիսիից, բարձր է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (66 տոկոս), ինչը պայմանավորված է Բաթումիի մեծ բնակչությամբ, և համեմատաբար ցածր է Մցխեթա-Մթիանեթի (20 տոկոս), Կախեթի (21 տոկոս), Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի (24 տոկոս) տարածաշրջաններում։
2024 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության 34 տոկոսը բնակվում է Թբիլիսիում։ Բնակչության թվաքանակով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իմերեթիի և Քվեմո Քարթլիի տարածաշրջանները, որոնք կազմում են բնակչության համապատասխանաբար 12.9 և 11.2 տոկոսը։