Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի պետության դեսպան Վալիդ Աբու Հայայի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նախարարը շնորհավորել է Իսրայելի դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ: Դեսպան Վալիդ Աբու Հայամը Մակա Բոճորիշվիլիին է հանձնել Իսրայելի արտաքին գործերի նախարարի հրավերը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի և Իսրայելի միջև առկա գործընկերությունը, ապագա համագործակցության առաջնահերթությունները և տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները։
Կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը միջազգային ձևաչափերով։
Նախարարը ողջունել է Իսրայելի և Համասի միջև համաձայնագիրը Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ և ընդգծել է Միացյալ Նահանգների և անձամբ նախագահ Թրամփի հատուկ ջանքերն ու ներդրումը տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում։ Արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ հաստատեց Վրաստանի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատանդների ազատ արձակմանը։