Մակա Բոճորիշվիլին հանդիպել է իր ուզբեկ գործընկեր Բախտիոր Սաիդովի հետ, ով իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է իր ուզբեկ գործընկեր Բախտիոր Սաիդովի հետ, ով իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են Վրաստանի և Ուզբեկստանի միջև բարեկամական հարաբերություններն ու գործընկերությունը։ Նրանք նաև նշել են վերջին շրջանում բարձր մակարդակի այցելությունները, որոնք նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Ընդգծվել է Վրաստանի և Ուզբեկստանի համատեղ համագործակցությունը Արևելքն ու Արևմուտքը կապող Միջին միջանցքի զարգացման գործում։ Բացի այդ, բարձր է գնահատվել Վրաստան-Ուզբեկստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը։ Հանդիպման ընթացքում նշվել է խորհրդարանական համագործակցության հատուկ դերը, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Քննարկման թեման եղել է Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված դժվարին իրավիճակը։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության միջավայրը և ընդգծել խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է 2025-2026 թվականների համագործակցության ծրագիր, որը վրացական կողմից ստորագրել են Մակա Բոճորիշվիլին, իսկ ուզբեկական կողմից՝ Բախտիոր Սաիդովը», – ասվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Արտգործնախարարության տվյալներով՝ Վրաստան այցի ընթացքում Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի և կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։