Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշների հետ։
Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության կարեւոր հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել են երկրների ավանդական բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդման կարևորությունը։
Նրանց խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Ավստրիայի միջև տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զրույցում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Եվրամիության հարաբերություններին։ Նշվել է Ավստրիայի Հանրապետության աջակցության կարևորությունը եվրաինտեգրման ճանապարհին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ավստրիական կողմին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերվող անսասան աջակցության համար։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել ընթացիկ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և խորացնել երկկողմ համագործակցությունը։