Մակա Բոճորիշվիլին և Իրակլի Բերաիան հանդիպումներ են անցկացրել Լիտվայի Սեյմում
Մակա Բոճորիշվիլին և Իրակլի Բերաիան հանդիպումներ են անցկացրել Լիտվայի Սեյմում

Եվրոպային ինտեգրման կոմիտեի և Լիտվայի Հանրապետության խորհրդարանի (Սեյմի) հետ բարեկամության խմբի նախագահ Մակա Բոճորիշվիլին և պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան հանդիպումներ են ունեցել Լիտվայի Սեյմում։

Այցի ընթացքում վրացի օրենսդիրները հանդիպել են Լիտվայի սեյմի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի, Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենիենի, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսի հետ:

Կողմերը քննարկել են Լիտվայի և Վրաստանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության կարևորությունը։

Մակա Բոճորիշվիլին կենտրոնացել է ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին երկրի ձեռնարկած կարևոր քայլերի, 2024 թվականին ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանի հայտ ներկայացնելու ծրագրի և այս հարցում Լիտվայի աջակցության առանձնահատուկ կարևորության վրա։

Կողմերը քննարկել են նաև դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ակնկալիքները և ԵՄ ինտեգրման ճանապարհին հետագա համագործակցության հեռանկարները։

Քննարկվել են եվրաինտեգրման գործընթացում բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Իրակլի Բերաիան խոսել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Լիտվայի և Վրաստանի համագործակցության մասին։ Նա ընդգծել է Վրաստանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման մեջ, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացի ակտիվացման կարևորությունը և Դաշինքին Վրաստանի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշման արագացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, հատկապես Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքները, Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության և հումանիտար ծանր իրավիճակը, մարդու իրավունքների կոպիտ խախտումների փաստերը։

Ընդգծվել է միջազգային հանրության օրակարգում Վրաստանի ապաբռնազավթման և տարածքային ամբողջականության վերականգնման հարցի հրատապության պահպանման և Ռուսաստանի Դաշնության վրա ճնշումների ավելացման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Վրացական կողմը երախտագիտություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացիոն գործընթացներին Լիտվայի անսասան աջակցության համար։

Լիտվա կատարած այցի շրջանակներում վրացական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։