Մակա Բոճորիշվիլի. Հարավային Կովկասն ունի հսկայական ներուժ գործընկերությունը խթանելու համար, իսկ Վրաստանը պատրաստ է ցանկացած մակարդակով սկսել երկխոսություն։ Կան բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ պետք է համագործակցենք
Մենք անկեղծ շահագրգռված ենք նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Անթալիայի դիվանագիտական ֆորումում։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը կարևոր առաջնահերթություն է։
«Մենք ճանաչում ենք, որ մեր տարածաշրջանն ունի հսկայական ներուժ, և այդ ներուժը լիովին օգտագործելու համար մեզ անհրաժեշտ է կայուն և երկարաժամկետ խաղաղություն։ Հենց այդ պատճառով, առաջին հերթին, ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ՝ սա մեծ ձեռքբերում է։ Բացի այդ, պետք է նշեմ ավանդաբար բացառիկ լավ հարաբերությունները, որոնք Վրաստանը ունի իր երկու հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ մենք ունենք տասնամյակների ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է բարեկամության և շատ լավ համագործակցության վրա։ Դա տարածաշրջանում մեր շատ ուժեղ ակտիվն է։ Հայաստանի հետ նույնպես ունենք ավանդաբար շատ լավ հարաբերություններ, որոնք վերջերս հասան ռազմավարական գործընկերության մակարդակին։ Սա ևս շատ կարևոր ակտիվ է, որ Վրաստանն ունի ներկայիս իրավիճակում։ Մենք անկեղծ շահագրգռված ենք նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Այդ պատճառով էլ միշտ ասում ենք, և այստեղ ևս կկրկնեմ, որ Վրաստանը այն վայրն է, որին ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը կարող են վստահել ու զգալ, որ մենք ապահովում ենք բոլոր հնարավոր պայմանները՝ տարածաշրջանում երկխոսությունը և համագործակցությունը խթանելու համար», – հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասն ունի հսկայական տարածաշրջանային ներուժ՝ տարբեր գործընկերությունների, ինչպես նաև ավելի լայն խաղաղության, անվտանգության, կայունության և տնտեսական համագործակցության համար։
«Մենք պետք է համագործակցենք՝ գտնելու ընդհանուր թեմաներ, ընդհանուր հարցեր, որոնք մեր առօրյայի մասն են տարածաշրջանում, և հենց դրանց շուրջ էլ պետք է սկսենք խոսակցություն։ Կարծում եմ՝ սա ամենակարևոր բաներից է, որ կարող ենք անել այս փուլում։ Վրաստանը միշտ պատրաստ է ցանկացած մակարդակով, ցանկացած թեմայով սկսել ու նպաստել երկխոսությանը։ Կան բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ պետք է համագործակցենք ու քննարկենք։ Մենք տեսնում ենք երկու կողմից էլ քաղաքական կամք և մտադրություն, ինչը շատ էական է Հարավային Կովկասի երկրների միջև երկխոսության խթանման համար։ Ես չեմ բացառի Վրաստանի դերը և չեմ դնի Վրաստանին պարզապես որպես միջնորդի, որը խոսում է Հայաստանի կամ Ադրբեջանի հետ։ Սա նաև մեր կյանքի մաս է, և մենք կարծում ենք, որ մենք ևս այս գործընթացի հավասար մասն ենք, որովհետև սա մեր ընդհանուր շահն է՝ նպաստել խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը և լավ համագործակցությանը մեր տարածաշրջանում», – հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։