Մակա Բոճորիշիվիլին Վաշինգտոնում ելույթ է ունեցել «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին» նախարարական հանդիպմանը
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշիվիլին, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով, մասնակցել է Վաշինգտոնում կայացած «Քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին» նախարարական հանդիպմանը, որտեղ ելույթով դիմել է ներկաներին։
Արտաքին գործերի նախարարն իր ելույթում նշել է, որ քաղաքական ահաբեկչության հարցի բարձրացումը միջազգային օրակարգում առանձնահատուկ կարևորություն ունի ժամանակակից անվտանգային մարտահրավերների համատեքստում։
«Այս քննարկումն առանձնապես ժամանակատուպ է, քանի որ այսօր մենք կանգնած ենք բարդ և մշտապես փոփոխվող մարտահրավերների առջև, որոնք ուղղակիորեն ազդում են մեր ազգային շահերի, ինքնիշխանության և անվտանգության վրա։ Աշխարհում արմատական խմբավորումները գործում են տարբեր գաղափարախոսությունների ներքո, այդ թվում՝ հաճախ ժողովրդավարության անվան տակ։ Սակայն նրանց նպատակը ոչ թե ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է, այլ դրանց թուլացումը», – հայտարարել է Մակա Բոճորիշիվիլին։
Նախարարի խոսքով՝ Վրաստանն այս մարտահրավերների ակնառու օրինակն է, և վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են արվել՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր պատրվակներով մենք ականատես եղանք մեր հասարակության բևեռացման և ժողովրդավարական ինստիտուտների խարխլման բազմաթիվ փորձերի։ Մենք տեսանք համակարգված արշավներ, որոնց նպատակն էր պետական ինստիտուտների, այդ թվում՝ դատական, ընտրական համակարգի և այլ սահմանադրական մարմինների վարկաբեկումը։
Մենք նաև ականատես եղանք նրան, թե ինչպես են արմատական խմբավորումները փորձում բռնության և սաբոտաժի գործողությունները կիրառել որպես քաղաքական գործիք», – հայտարարել է փոխվարչապետը։
Մակա Բոճորիշիվիլին խոսել է նաև միջազգային ինստիտուտները քաղաքական նպատակներով օգտագործելու ռիսկերի մասին և նշել, որ նման գործողությունները վնասում են ինչպես պետությունների միջև հարաբերություններին, այնպես էլ հենց այդ միջազգային կազմակերպությունների հեղինակությանը։
«Ոչ պակաս մտահոգիչ է նման գործողությունների օրինականացման համար միջազգային ինստիտուտների օգտագործումը բանաձևերի և այլ մեխանիզմների միջոցով, որոնք նպատակ ունեն քաղաքական ճնշում գործադրել ինքնիշխան պետությունների վրա և միևնույն ժամանակ հարվածում են այդ իսկ ինստիտուտների հեղինակությանն ու վստահելիությանը», – նշել է նախարարը։
Ելույթի վերջում Մակա Բոճորիշիվիլին հայտարարել է, որ քաղաքական ահաբեկչությունը հաճախ դրսևորվում է աննկատ ձևերով, և դրա դեմ պայքարը ժողովրդավարական պետությունների ընդհանուր մարտահրավերն է։
«Սա պետք է անհանգստացնի մեզանից յուրաքանչյուրին, քանի որ քաղաքական ահաբեկչությունը միշտ չէ, որ դրսևորվում է ակնառու ձևով։ Այն կարող է արտահայտվել ահաբեկմամբ, քաղաքական բռնությամբ և ժողովրդավարական ինստիտուտների համակարգված թուլացման փորձերով։ Սա մարտահրավեր է բոլոր այն ժողովրդավարությունների համար, որոնք հավատարիմ են սեփական ինստիտուտների, ինքնիշխանության և իրենց ժողովրդի կամքի պաշտպանությանը», – հայտարարել է Մակա Բոճորիշիվիլին։