ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատուն Ղազայում իրավիճակը «աղետալի» է անվանել
ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի ներկայացուցիչ Օլգա Չերևկոն հայտարարել է, որ Գազա քաղաքում իրավիճակը «աղետալի» է։
Նրա խոսքով՝ ցամաքային հարձակման երրորդ օրը Իսրայելի տանկերն ու զինվորները շարունակում են ներթափանցել քաղաք։
Միաժամանակ «BBC»-ին տված հարցազրույցում Չերևկոն նշել է, որ Գազա քաղաքը ամեն օր հարյուրավոր մարդիկ են լքում և տեղափոխվում հատվածի հարավային մաս։ Սակայն, ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հազարավոր մարդիկ, չնայած Իսրայելի հրամաններին, մտադիր չեն լքել քաղաքը։
«BBC»-ն գրում է, որ Իսրայելի նպատակն է ազատել «Համաս»-ի կողմից պատանդ վերցված իսրայելցիներին, ինչպես նաև ոչնչացնել մոտ 3 000 զինյալ, որոնք ներկայում գտնվում են Գազա քաղաքում։
Իսրայելի իշխանությունների տվյալներով՝ այդ զինյալները հանդիսանում են խմբավորման «հիմնական հենարանը»։
Հիշեցնենք, որ Իսրայելի զինված ուժերը սեպտեմբերի 16-ին վերսկսել են ցամաքային հարձակումը Գազա քաղաքի օկուպացիայի նպատակով։ Մեդիայի հաղորդմամբ՝ այն բանից հետո, երբ Իսրայելը շրջափակման մեջ վերցրեց Գազայի հատվածը, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամն ավելի սրվել է, և բնակչությունը բախվում է սննդի, խմելու ջրի և դեղորայքի լուրջ պակասի։ Նրանց տվյալներով՝ այս պահին Իսրայելը վերահսկում է Գազայի մոտ 75 տոկոսը։