Լրագրողների անվտանգությունը միշտ կարևոր է, հատկապես ընտրությունների ժամանակաշրջանում
Միշտ կարևոր է ապահովել լրագրողների անվտանգությունը: Դա հատկապես կարևոր է խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանում,- այս մասին Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան, Քելի Դեգնանը հայտարարել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Դեգնանը ուշադրությունը կենտրոնացրել է մամուլի դերի վրա: Նրա խոսքով, լրատվամիջոցները հասարակությանը տեղեկատվություն են տրամադրում՝ թեկնածուների, կուսակցությունների և կարևոր հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների մասին:
«Միշտ կարևոր է, որ երաշխավորված լինի լրագրողների անվտանգությունը: Հանրությանը տեղեկացնելու գործում լրագրողները կենսական դեր են խաղում բոլոր ժողովրդավարական երկրներում: Սա հատկապես այդպես է խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանում, երբ նրանց գործն էլ ավելի է բարդանում կովիդ վարակի պատճառով:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք տեղեկություններ ենք ստացել վրացի լրագրողների վրա հարձակումների և հնչեցած սպառնալիքների մասին: Պատասխանատու լրագրությունը ժողովրդավարության հիմքն է և այն կարևոր է ընտրական գործընթացների համար: լրատվամիջոցները հասարակությանը տեղեկատվություն են տրամադրում՝ թեկնածուների, կուսակցությունների և կարևոր հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների մասին»,- հայտարարել է Քելի Դեգնանը:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը հանդիպել է Վրաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջոցով, համագործակցում են ԱՄՆ-ի կառավարության հետ, որպեսզի նպաստեն Վրաստանում օրինական և վստահելի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Դեգնանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ է արել ուշադիր հետևել ընտրական շրջանում լրագրողների հանդեպ վերաբերմունքին: