Լիտվայի սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախկին նախարար Ինգա Ռուգինենեի թեկնածությունը։
Լիտվայի հանրային հեռարձակողի տվյալներով՝ Ռուգինենեի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ են եղել 35-ը, իսկ 14 օրենսդիր ձեռնպահ է մնացել։
Պաշտոնապես Ռուգինենեն կսկսի կատարել վարչապետի պարտականությունները այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը կհաստատի նախագահը և նա երդում կտա խորհրդարանում։
Լիտվայի սեյմում Ինգա Ռուգինենեի թեկնածության հաստատման համար քվեարկությունը կայացել է այն բանից հետո, երբ «Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» կոալիցիա կազմելու համաձայնագիր է կնքել պոպուլիստական «Նեմանասի արշալույս» կուսակցության, լիտվացի ֆերմերների և կանաչների միության և ռուսամետ դիրքորոշումներով հայտնի «Քրիստոնեական ընտանիքների դաշինքի» հետ։ Միասին կոալիցիան Լիտվայի 141 անդամ ունեցող սեյմում կունենա 82 տեղ։
Ռուգինենեն ունի 15-օրյա ժամկետ՝ նախարարների կաբինետը և կառավարության ծրագիրը ներկայացնելու համար։
Քվեարկության ընթացքում Վիլնյուսում անցկացվել է բողոքի ցույց՝ նոր կառավարական կոալիցիայի դեմ՝ «Ամոթի օր» խորագրով։ Ցուցարարները բողոքել են «Նեմանասի արշալույս» և «Քրիստոնեական ընտանիքների դաշինք» կուսակցությունների՝ իշխող կոալիցիայում ընդգրկվելու դեմ։
Լիտվայում նոր կոալիցիայի ձևավորումը անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ հուլիսին վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է ներկայացրել բիզնես կապերի հետ կապված սկանդալի պատճառով։