Լիտվայի Սեյմը բանաձ է ընդունել՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը
Լիտվայի Սեյմը բանաձ է ընդունել՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը հետ կանչել «Օտարերկրյա
ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Փաստաթղթի տեքստը սոցցանցում հրապարակել է
Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ժիգիմանտաս Պավիոլոնիսը։
Բանաձեւում լիտվացի պատգամավորները մտահոգություն են հայտնում Վրաստանի խորհրդարանի կողմից
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ։ Նրանց
խոսքով, օրենքը նպատակ ունի սահմանափակել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական
հասարակության գործունեությունը և էապես համարժեք է Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին։ Լիտվացի պատգամավորների կարծիքով՝ Վրաստանում
ընդունված օրենքը չի համապատասխանում եվրոպական արժեքներին և ժողովրդավարական սկզբունքներին։
Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում, որ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը
համահունչ չեն Վրաստանի քաղաքացիների ձգտումներին և Վրաստանի հռչակված նպատակներին՝
դառնալու Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։ Նրանց կարծիքով, Վրաստանի կառավարության
գործողությունները կարող են երկարաժամկետ լուրջ հետեւանքներ ունենալ Վրաստանի
աշխարհաքաղաքական կողմնորոշման եւ ժողովրդավարության վրա։
Բանաձևում ասվում է, որ «լիտվացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնում վրաց
ժողովրդին, որը պաշտպանում է իր կարծիքի արտահայտման ազատությունը և Վրաստանի եվրոպական
ապագան»։
Փաստաթղթում ասվում է, որ «Սեյմը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների և լրագրողների
նկատմամբ ուժի կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ
ահաբեկման և բռնության զրպարտչական և կազմակերպված արշավը»։
Լիտվացի պատգամավորների կարծիքով՝ «Խաղաղ հավաքների և խոսքի ազատության ճնշմանն ուղղված
նման գործողություններն անընդունելի են մի երկրում, որը Եվրամիության անդամության թեկնածու է»։
Բանաձևում ասվում է, որ Լիտվայի Սեյմի անդամները Վրաստանի իշխող կուսակցությանը կհիշեցնեն, որ

նա պետք է պատասխանատվություն կրի ժողովրդավարական հասարակությունների սկզբունքների խախտման
համար, որոնք չեն համապատասխանում Եվրամիության թեկնածու երկրների քաղաքական չափանիշներին։
Լիտվացի պատգամավորները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին «չեղարկել «օտարերկրյա
ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ապահովել հավաքների և արտահայտվելու ազատությունը,
ամրապնդել քաղաքացիական հասարակությունը, երկխոսել նրա հետ և պաշտպանել սահմանադրական
պարտավորությունը, որը ենթադրում է ինտեգրում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ն և անհրաժեշտ
բարեփոխումների շարունակությունը»։ Բացի այդ, Լիտվայի Սեյմի անդամները կոչ են անում
Եվրամիության կառույցներին «դիտարկել հակաքայլեր ձեռնարկելու հնարավորությունը, եթե Վրաստանի
կառավարությունը հաղթահարի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, շարունակի կիրառել օրենքը և
հետապնդել քաղաքացիական հասարակությանը»։