Վրաստանը Լիտվայից նվեր է ստացել «Աստրազենեկայի» 15 հազար դոզա: Պատվաստանյութն այսօր ներկրվել է Թբիլիսիի օդանավակայան: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Բեռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաաշվիլին և Վրաստանում Լիտվայի փոխդեսպան Սաուլիուս Վալաինիսը:
Լիտվայի կառավարության որոշման համաձայն, «Կովիդ -19»-ի դեմ պատվաստանյութերը հատկացվել են Արևելյան գործընկերության անդամ երեք երկրներին՝ Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին սոցիալական ցանցի միջոցով շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը պատվաստանյութերի համար:
«Լիտվայի կառավարության կողմից հատկացված «Աստրազենեկա» պատվաստանյութի 15 հազար դոզան նոր է ներկրվել Թբիլիսի: Մեծ շնորհակալություն իմ գործընկերոջը՝ Գաբրիելիուս Լանդսբերգին և այս գործընթացին ներգրավված բոլորին՝ ամուր աջակցության և ժամանակին ցուցաբերած օգնության համար», – գրել է Զալկալիանին Twitter- ում: