Լիսաբոնի պատմական «Գլորիա» ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիայի մայրաքաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Գիշերը հիվանդանոցում մահացել են վթարի ընթացքում վիրավորված երկու անձ։ Զոհերի թվում է ֆունիկուլյորի մեկ աշխատակից, ինչպես նաև Պորտուգալիայի և այլ երկրների քաղաքացիներ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ։
Վիրավորվել է 21 մարդ, այդ թվում՝ Պորտուգալիայի, Գերմանիայի և Իսպանիայի քաղաքացիներ։ Վիրավորների շարքում կա նաև 3-ամյա երեխա։
Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Հետաքննությունն իրականացվում է ոստիկանության, դատախազության և ազգային տրանսպորտային անվտանգության մարմնի կողմից։
Դեպքի կապակցությամբ Լիսաբոնի քաղաքապետարանը, մինչև ստուգումների ավարտը, դադարեցրել է ֆունիկուլյորի մնացած երեք գծերի աշխատանքը։
Նշենք, որ «Գլորիա» ֆունիկուլյորի վագոնը դուրս է եկել ռելսերից։ Պորտուգալիայի կառավարությունը սեպտեմբերի 4-ը հայտարարել է սուգի օր։