Լևան Դավիթաշվիլին հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և կզբաղեցնի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդականի և տնտեսական խորհրդի քարտուղարի պաշտոնները
Լևան Դավիթաշվիլին հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և կզբաղեցնի վարչապետի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականի և տնտեսական խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչպես գիտեք, երկրի տնտեսական զարգացումը մեր գերակա խնդիրն է։ Հենց տնտեսության զարգացումից է էապես կախված ոչ միայն բնակչության կենսամակարդակի բարելավումը, այլև յուրաքանչյուր ոլորտի զարգացումը, Վրաստանի ժողովրդավարական համակարգի ամրապնդումը, ինչպես նաև մեր արտաքին քաղաքականության դիրքերի ամրապնդումը։ Երկրի տնտեսական քաղաքականության պլանավորման և իրականացման համակարգը բարելավելու համար մենք որոշում ենք կայացրել ամրապնդել Տնտեսական խորհուրդը։ Այդ նպատակով կվերանայվեն Տնտեսական խորհրդի գործառույթներն ու կազմը, և Լևան Դավիթաշվիլին կզբաղեցնի Վրաստանի վարչապետի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականի և Տնտեսական խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նախարարության կառավարումը կապված է ամենօրյա, ծանր ռեժիմի հետ։ Պարոն Լևանին այս ռեժիմից ազատելը թույլ կտա նրան ապահովել ավելի մեծ հաջողություններ երկրի տնտեսական աճի հետագա արագացման, երկիր ներդրումներ ներգրավելու և այլ համապատասխան արդյունավետ քայլեր ձեռնարկելու գործում։ Պարոն Լևանը բացառիկ, ակնառու որակավորում ունեցող տնտեսագետ է, և մենք կարծում ենք, որ այս պաշտոնից նա կկարողանա լավագույնս կատարել այս առաքելությունը։ Սա կնպաստի երկրի տնտեսական աճի ավելի մեծ արագացմանը, ներդրումներ ներգրավելուն», – ասաց վարչապետը։
Լևան Դավիթաշվիլին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի փետրվարի 9-ից, իսկ 2021 թվականի հուլիսի 12-ից՝ նաև Վրաստանի փոխվարչապետ։