Լավ եմ հասկանում, թե ինչ են նշանակում սահմանափակումները յուրաքանչյուր ընտանիքի, ընկերության համար, ամեն ինչ անում ենք, որ պաշտպանենք հավասարակշռությունը, տնտեսությունը բացելու համար. Գիորգի Գախարիա
Մենք ամեն ինչ կանենք այն բանի համար, որ օբյեկտիվորեն, հավասարակշռությունը պաշտպանելով, հոգ տանենք մարդու կյանքի ու առողջության համար, միևնույն ժամանակ փուլ առ փուլ բացենք տնտեսությունը, – այս մասին լրագրողներին ասել է Իմերեթիում այցով գտնվող Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:
Վարչապետը խոսել է Իմերեթիի տարածաշրջանում ընթացող ենթակառուցվածքային նախագծերի մասին և նշել, որ կարևոր է վերականգնել զբոսաշրջությունն ու տնտեսությունը տարածաշրջանում:
«Այսօր մեր երեխաները սկսեցին դպրոց գնալ ու կրթություն ստանալ դասասենյակներում: Ես այսօր Զեստափոնի շրջանի Սաքարա գյուղում էի, որտեղ ավարտվել է նոր դպրոցի շինարարությունը և երեխաներն այս տարի գնացին նորակառույց դպրոց: Ցավոք, այս համավարակի պատճառով նրանք ընդմիջում ունեցան, չնայած այսօր արդեն սկսել են ուսումը և դա շատ տպավորիչ էր:
Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ են նշանակում սահմանափակումներ, որոնք ունենք այսօր Վրաստանի որոշ քաղաքներում: Ես լավ հասկանում եմ, թե սա ինչ է նշանակում մեր յուրաքանչյուր ընտանիքի, բիզնեսի, փակված ընկերություններից յուրաքանչյուրի համար: Մենք ամեն ինչ կանենք այն բանի համար, որ օբյեկտիվորեն, հավասարակշռությունը պաշտպանելով, հոգ տանենք մարդու կյանքի ու առողջության համար, միևնույն ժամանակ փուլ առ փուլ բացենք տնտեսությունը: Դուք բոլորդ կարող եք տեսնել, որ վարակի տարածման առումով արդյունքները բավականին լավն են, և մենք կարող ենք ասել, որ լիովին վերահսկում ենք այս վարակը:
Բացի այդ, Իմերեթիում չափազանց կարևոր է վերականգնել զբոսաշրջությունն ու տնտեսությունը, և մենք գտնվում էինք շինարարության վերջին փուլում գտնվող հյուրանոցում: Այս նախագիծն անմիջականորեն կապված է Պրոմեթևսի քարանձավի ենթակառուցվածքների հետ: Այս հյուրանոցային և զբոսաշրջային ենթակառուցվածքները կբացվեն մայիսին: Մենք ամեն ինչ կանենք, որ այս պահին երկրում հայտնվեն առաջին զբոսաշրջիկները», – հայտարարել է Գիորգի Գախարիան: