Կուբայի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտերից ավելի քան 2 000 բանտարկյալ ազատ կարձակվի
Կուբայի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կղզու բանտերից ավելի քան 2 000 բանտարկյալ ազատ կարձակվի: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ սա ընթացիկ տարվա երկրորդ դեպքն է, երբ Կուբայի կառավարությունը բանտարկյալների համաներում է հայտարարում:
Հրատարակության համաձայն՝ Կուբայի պետական «Granma» թերթն այս քայլն անվանել է «մարդասիրական և ինքնիշխան ժեստ»:
Նրանց տեղեկություններով՝ բանտարկյալներին ազատ արձակելու որոշումը «պայմանավորված է եղել դատապարտյալների կողմից կատարված հանցագործություններով, բանտում նրանց դրսևորած լավ վարքագծով, ինչպես նաև այն փաստով, որ նրանք արդեն կրել են պատժի զգալի մասը»:
Միևնույն ժամանակ, Կուբայի կառավարությունը հերքում է այն տեսակետը, թե այս որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ճնշման հետևանքով:
«Ռոյթերսի» հաղորդմամբ՝ բանտարկյալներին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է այն բանից մեկ օր անց, երբ Կուբայի արտաքին գործերի նախարարը գտնվում էր Վաշինգտոնում և հրապարակայնորեն կոչ էր անում ԱՄՆ իշխանություններին օգնել Կուբային վերականգնել թուլացած տնտեսությունը: