Կրետե կղզում ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացի
Հունական Կրետե կղզում ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացի։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվել է 26-ամյա Ադրբեջանի քաղաքացի, որը բնակվում էր ամերիկյան ռազմաբազայի մոտ գտնվող հյուրանոցում և լուսանկարում էր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։
Ըստ հաղորդագրությունների՝ ձերբակալվածը Լեհաստանի կողմից տրված վիզա ունի։ Նրա համարի խուզարկության ժամանակ առգրավվել է ավելի քան 5000 լուսանկար և տեսանյութ։ Հետաքննության տվյալներով՝ երիտասարդը նաև լուսանկարում էր ռազմական նավեր։
Տեղեկատվության համար՝ հունիսի 21-ին Կիպրոսում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը մեղադրվում է ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ։ Ըստ հաղորդագրությունների՝ ձերբակալվածը Կիպրոս է մտել բրիտանական վիզայով և գործել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի անունից։
Ըստ Կիպրոսի և Հունաստանի հետախուզական ծառայությունների՝ Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական բազաները կարող են թիրախ դառնալ Իսրայելի և Իրանի միջև սրվող հակամարտության պայմաններում։ Այս օբյեկտներում անվտանգության միջոցառումները խստացվել են։