Կորոնավիրուսի հետ կապված կանոնների կանխամտածված խախտման դեպքում կազմակերպությունները չեն կարողանա մասնակցել պետական աջակցության որևէ միջոցառման
Հակակորոնավիրուսային կանոնների կանխամտածված խախտման դեպքում կազմակերպությունները չեն կարողանա պետությունից սուբսիդիա ստանալ, իսկ ապագայում չեն կարողանա մասնակցել պետական աջակցության որևէ միջոցառման, – ասաց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
Ըստ նրա, սահմանափակումները մեղմացնելը մեծացնում է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու, այլ նաև բիզնեսի, որոշակի ընկերությունների և բոլոր տեսակի կազմակերպությունների պատասխանատվությունը:
«Այսօր մենք որոշում կկայացնենք, երբ, օրինակ, կրկնվի շնչադիմակ կրելու կանոնի խախտումը, տուգանքը կկրկնապատկվի: Սա շատ կարևոր է: Բոլորս պետք է հասկանանք, որ ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող մտածել համաճարակի դեմ ավելի արդյունավետ բանի մասին, քան՝ շնչադիմակ, հեռավորության պահպանություն, թեստավորում և հետո արդեն պատվաստում: Այսպիսով, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս կանոնները արդյունավետորեն կատարվեն: Դա մեր տնտեսությունն ու առօրյա կյանքը պաշտպանելու շահերում է: Ցանկացած կազմակերպության կողմից կանոնների ցանկացած կանխամտածված խախտում, բացի այն, որ արդյունքում ավելի կոշտ արձագանք կլինի, մենք որոշում ենք կայացրել, որ այդպիսի կազմակերպություններն այլևս չեն մասնակցելու և այլևս չեն ստանալու պետության կողմից տրամադրվող սուբսիդիաներն ու օգնությունը համավարակի դեմ տնտեսական աջակցության միջոցառումներով: Եվ բացի այդ, նրանք հետագայում այլևս չեն կարող մասնակցել պետական աջակցության որևէ միջոցառման: Կարծում եմ, որ սա լիովին արդարացի է, և կարծում եմ, որ սա քայլ է, որը պետք է բացահայտի մեր յուրաքանչյուր քաղաքացու և կազմակերպության պատասխանատվությունը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: