Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆերսն ասում է, որ եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, ԱՄՆ-ը ստիպված կլինի միջամտել
Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆերսն ասում է, որ եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի միջամտել։ Այս մասին կոնգրեսականն ասել է ամերիկյան «Սի բի էս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի, քանի որ եթե դա տեղի ունենա, մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի միջամտել հակամարտությանը ոչ միայն փողով, այլև մեր զինվորականներով»,- ասել է Ջեֆերսը։
Ինչպես Ջեֆերսն է ասում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը և սպառնալ ՆԱՏՕ-ին։
«Պուտինը կանգ չառավ հարեւան Վրաստան ներխուժելուց հետո, Ղրիմի բռնակցմանը հաջորդեց միջամտությունը Արեւելյան Ուկրաինա։ Հաշվի առնելով այս հետևողական ագրեսիան՝ պե՞տք է ենթադրել, որ եթե թույլ տանք Վլադիմիր Պուտինին հաջողության հասնել Ուկրաինայում, ապա նա կանգ կառնի Ուկրաինայի վրա։ Իհարկե ոչ»,- ասել է Ջեֆերսը։
Ջեֆերսը մեղադրել է «Պուտինամետ լոբբիին»՝ ԱՄՆ կողմից Ուկրաինային ռազմական օգնության փոխանցումը հետաձգելու մեջ։
«Հանրապետական կուսակցությունում ընդլայնվում է պուտինամետ խմբակցությունը, որը ցանկություն չունի օգնելու Ուկրաինային, չգիտես ինչու ենթադրում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամին չէ»,- ասաց կոնգրեսականը։
Նրա խոսքով՝ Կոնգրեսում ռուսամետ խումբը գլխավորում է հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը։
Տեղեկության համար՝ ԱՄՆ Սենատում Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելուն դեմ են քվեարկել 15 սենատոր։