Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորվել է 48 մարդ
Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորվել է 48 մարդ

Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին հայտնել է Կիևի զինվորական շրջանային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Նրա տվյալներով՝ վիրավորվել է 48 մարդ։

Հարձակման հետևանքով Կիևում ավերվել է բնակելի շենքի մի մասը։ Փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի օդային ուժերի տեղեկությամբ՝ անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի վրա զանգվածային հարձակում է իրականացրել 629 հրթիռի և անօդաչու թռչող սարքի միջոցով, որոնցից 589-ը ոչնչացրել է հակաօդային պաշտպանությունը։ Մասնավորապես՝ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գործարկել է 598 «Շահեդ» տեսակի դրոն, որոնցից 563-ը խոցվել կամ վնասազերծվել է, ինչպես նաև երկու «Կինժալ» աէրոբալիստիկ հրթիռ, որոնցից մեկը խոցվել է, ինը «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռ, որոնցից յոթը ոչնչացվել են, և 20 թևավոր հրթիռ, որոնցից 18-ը խոցվել են։

Ուկրաինայի օդային ուժերի համաձայն՝ արձանագրվել են հարվածներ 13 վայրում, իսկ բեկորներ ընկել են 26 վայրում։ Օդային տագնապը դեռ շարունակվում է Չեռնիգովի, Սումիի և Խարկովի մարզերում։