Կիևի մարզի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով 27 մարդ է զոհվել, 42-ը՝ վիրավորվել. Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել ծառայողական անփութության հոդվածով

14:19, 29.08.2026

Վերջին 24 ժամում Կիևի մարզի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով 27 մարդ է զոհվել, իսկ 42-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկատվություն է տարածում ուկրաինական լրատվամիջոցը:

Ինչպես հայտարարել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն, հարակից տարածքից էվակուացվել է 381 մարդ, այդ թվում՝ 59 երեխա: Տեղում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է մոտ 50 բնակելի տուն:

Այդ իրադարձությանն անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և հայտարարել, որ Կիևի մերձակայքում՝ Միլա գյուղում, Ռուսաստանի հարձակման հետևանքով վնասվել է պահեստ, ինչին հաջորդել է պայթյուն: Նրա խոսքով՝ պայթյունը զգալի վնաս է հասցրել հարակից ենթակառուցվածքներին:

«Երեկ երեկոյանից Կիևի մերձակայքում՝ Միլա գյուղում, ընթանում են ռուսական անօդաչու սարքերի հարձակման հետևանքները վերացնելու աշխատանքները: Տեղում ստեղծվել են համակարգող կենտրոններ, որոնք աջակցություն են ցուցաբերում բնակչությանը: Բոլոր անհրաժեշտ ծառայությունները մոբիլիզացված են: Տեղում աշխատում են Պետական արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները՝ ընդհանուր առմամբ ավելի քան 300 մարդ: Հարվածի հետևանքով վնասվել է պահեստ, ինչին հաջորդել է պայթյուն: Ցավոք, հարակից ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել, վնասվել են բնակելի տնակներ, ինչպես նաև տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություն: Այս պահի դրությամբ զոհված է համարվում 27 մարդ: Նրանց թվում է Դմիտրովկայի համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը, ով փորձում էր փրկել մարդկանց:

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ավելի քան 370 մարդ արդեն էվակուացվել է, և գործընթացը դեռ շարունակվում է: Լսել եմ վարչապետի և ներքին գործերի նախարարի զեկույցները: Նրանք, ովքեր պատասխանատու են սրան թույլ տալու համար, պետք է պատասխան տան իրենց որոշումների համար: Ազգային ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քննություն են իրականացնում: Քրեական գործ է հարուցվել ծառայողական անփութության հոդվածով: Գոյություն ունեն համապատասխան կանոնակարգեր, ռազմամթերքի պահպանումը բնակելի տների կամ այլ բնակելի տարածքների մոտ անթույլատրելի է: Այս դեպքի հետ կապված համապատասխան հետևություններ անպայման կարվեն», – գրում է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի հայտարարությամբ՝ գիշերը Ռուսաստանի հարձակումն իրականացվել է նաև երկրի այլ շրջանների վրա, այդ թվում՝ Օդեսայի, Դնեպրի, Կիևի, Զապորոժիեի, Սումիի, Խերսոնի, Խարկովի, Միկոլայևի, Դոնեցկի և Չեռնիգովի շրջանների վրա:

«Կիևը գործնականում անընդհատ հարձակումների տակ էր: Ուկրաինան նման հարձակումներից պաշտպանվելու ճանապարհների որոնման հարցում չպետք է մենակ մնա: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր լրացուցիչ աջակցության փաթեթներով և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր քայլերով օգնում են մեզ», – նշել է Զելենսկին:

Նմանատիպ