Քննչական ծառայությունը Աջարիայի բնակելի տանը հայտնաբերել է առանց թույլտվության խաղային բիզնեսի օբյեկտ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Աջարիայի մարզում առանց համապատասխան թույլտվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար պատասխանատվության են ենթարկվել երկու անձ։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներն իրենց բնակելի տանը հիմնել են խաղային բիզնեսի օբյեկտ, որտեղից, առանց համապատասխան պարտադիր թույլտվության, ինտերնետի միջոցով տարբեր շահումով խաղերի ընթացքը փոխանցվել է Վրաստանի սահմաններից դուրս գործող ինտերնետ կազինոների կայքեր:
Սահմանված է, որ օբյեկտի օրինական գործունեության դեպքում պետբյուջեում որպես թույլտվության վճար պետք է ներառվի 100000 լարի։ Նախաքննության ընթացքում բյուջեին պատճառված վնասն ամբողջությամբ ծածկվել է»,- հայտնել են քննչական ծառայությունից։
Հանցագործության այս կատեգորիան նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով։