Քիր Սթարմեր - Սխալ է մաքսատուրքեր սահմանել այն դաշնակիցների նկատմամբ, ովքեր ձգտում են ՆԱՏՕ-ի երկրների կոլեկտիվ անվտանգությանը, մենք այս հարցը կքննարկենք ԱՄՆ վարչակազմի հետ
ՆԱՏՕ-ի երկրների կոլեկտիվ անվտանգության համար համատեղ ձգտող դաշնակիցների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը բացարձակապես սխալ են,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նրա խոսքով՝ հարցը կքննարկվի ԱՄՆ վարչակազմի հետ։
«Մեր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ շատ հստակ է, այն Դանիայի Թագավորության մաս է կազմում, և դրա ապագան գրենլանդացիների և դանիացիների գործն է։ Մենք նաև հստակեցրել ենք, որ Արկտիկայի անվտանգությունը կարևոր է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, և որ դաշնակիցները պետք է միասին ավելին անեն՝ Արկտիկայի տարբեր մասերում Ռուսաստանից եկող սպառնալիքին արձագանքելու համար։ ՆԱՏՕ-ի երկրների կոլեկտիվ անվտանգության համար համատեղ ձգտող դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը բացարձակապես սխալ է։ Իհարկե, մենք սա ուղղակիորեն կքննարկենք ԱՄՆ վարչակազմի հետ», – ասել է Սթարմերը։
Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրքեր է սահմանում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ։ Հրամանը ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարի 1-ին։