Քելլի Դեգնան. Միմյանց բախվելու փոխարեն ավելի լավ է գործ արվի, կատարվեն 12 հանձնարարականները, մենք տեսանք, որ մարդիկ հավատարիմ են եվրոպական ընտրությանը, հուսով եմ, որ իշխանությունը կլսի ժողովրդին
Քելլի Դեգնան. Միմյանց բախվելու փոխարեն ավելի լավ է գործ արվի, կատարվեն 12 հանձնարարականները, մենք տեսանք, որ մարդիկ հավատարիմ են եվրոպական ընտրությանը, հուսով եմ, որ իշխանությունը կլսի ժողովրդին

Թեկնածուի կարգավիճակ ստանալը կախված է հանձնարարականների և բարեփոխումների իրականացումից, որոնք շատ հստակ գրված են որպես ուղեցույց Եվրամիության կողմից,- լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Ինչպես նշեց Քելլի Դեգնանը, բացարձակապես բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ներգրավվեն այս գործընթացում, խորհրդարանը, քաղաքացիական հասարակությունը պետք է հնարավորություն ունենան մասնակցելու, գործընթացը պետք է լինի ներառական։

Քելլի Դեգնանին հարցրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մասին, որտեղ նա նշել է, որ գործընկերների համար կարևոր է իմանալ, թե որտեղ են որոշումներ կայացվում այս երկրում և կա՞ արդյոք Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման ներքո թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորություն։

«Անցած մի քանի օրերի ընթացքում ես շատ հետաքրքիր և բեղմնավոր այց եմ ունեցել Ախալցիխե, Ախալքալաք, և այդ պատճառով հնարավորություն չեմ ունեցել լսելու նախագահի հարցազրույցը։

Որոշումը կայացնում է վրաց ժողովուրդը, և մենք դա շատ լավ տեսանք մոտ երկու շաբաթ առաջ, երբ Վրաստանի հարյուր հազարից ավելի քաղաքացիներ դուրս եկան և խաղաղ կերպով արտահայտեցին իրենց շատ հստակ ընտրությունը Եվրոպայի համար։

Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակին, ապա կարգավիճակ ստանալը կախված է այն հանձնարարականների և բարեփոխումների իրականացումից, որոնք շատ հստակ ուրվագծված են որպես ուղեցույց Եվրամիության կողմից։ Այս գործընթացում պետք է ներգրավված լինեն բացարձակապես բոլոր շահագրգիռ կողմերը, խորհրդարանը, քաղաքացիական հասարակությունը պետք է հնարավորություն ունենան մասնակցելու, գործընթացը պետք է լինի ներառական։ Սրանք այն բարեփոխումներն են, որոնք այսօր չեն սկսվել ու շարունակվում են։ Որոշակի առաջընթաց է գրանցվել, բայց պետք է ավելին անել: Սա մեկ մարդու նախագիծ չէ, դա ամբողջ Վրաստանի, նրա քաղաքացիների նախագիծն է, և ավելի լավ է իրար առճակատման փոխարեն գործեր անել։ Հուսանք, իշխանությունը կլսի ժողովրդին»,- ասել է Քելլի Դեգնանը։