Կայա Կալասը «խորապես ցնցված է» իր նախկին գործընկեր Ֆեդերիկա Մոգերինիի դեմ մեղադրանքներից
Կայա Կալասը «խորապես ցնցված է» իր նախկին գործընկեր Ֆեդերիկա Մոգերինիի դեմ մեղադրանքներից

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ խորապես շոկի մեջ է իր նախկին գործընկերների նկատմամբ առաջադրված մեղադրանքների պատճառով։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով Կալասի աշխատակիցներին ուղարկած նամակին։

Նամակում Կալասը արձագանքում է ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի դեմ ներկայացված մեղադրանքներին։

Politico-ն նշում է, որ Կալասը նամակում անդրադառնում է իր ղեկավարության օրոք ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունում ներդրված հակակոռուպցիոն միջոցներին։ Նշվում է հատկապես «խարդախության դեմ պայքարի ռազմավարությունը», որը, Կալասի խոսքով, որոշիչ նշանակություն ունի թափանցիկության ապահովման համար։

«Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ իմ ղեկավարության ներքո ազնվությունն ու հաշվետվողականությունը միայն կուժեղանան։ Ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ կանխարգելիչ միջոցները գործում են», – ասել է Կալասը։

Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 4-ին կհանդիպի աշխատակիցներին՝ պատասխանելու ԵՄ արտաքին ծառայության նախկին ղեկավար անձանց շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին վերաբերող հարցերին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Բելգիայի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության շենքում, ինչպես նաև Բրյուգեում գտնվող «Եվրոպական քոլեջում»՝ մրցույթների շուրջ հնարավոր խարդախության գործով։

Դեկտեմբերի 3-ին այս գործով ձերբակալվել է Ֆեդերիկա Մոգերինին, ով հետագայում մեղադրանք է ստացել և ազատ է արձակվել, քանի որ քննությունը գտել է, որ նրա կողմից փախուստի ռիսկեր չկան։