Կայա Կալասը ներկայացնում է Ռուսաստանի դեմ ապագա պատժամիջոցների փաթեթի հնարավոր տարրերը
Կայա Կալասը ներկայացնում է Ռուսաստանի դեմ ապագա պատժամիջոցների փաթեթի հնարավոր տարրերը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարցը և մտքեր փոխանակել պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Այս մասին հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ինչպես նշել է Կալասը, Եվրամիության բոլոր անդամ երկրները աջակցում են խաղաղության հաստատման և պատերազմի ավարտի նպատակով դիվանագիտական ջանքերին։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը խաղաղության համար չի պատրաստվում, ընդհակառակը՝ նրանք ավելի լայնածավալ պատերազմի են պատրաստվում։ Այս շաբաթ Ռուսաստանը իրականացրել է Կիևի վրա պատերազմից ի վեր երկրորդ խոշորագույն օդային հարձակումը։ Հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ», – նշել է Կալասը։

Բարձր ներկայացուցչի խոսքով, նախարարները «քննարկել են Ռուսաստանի վրա ճնշումը սաստկացնելու ուղիները, որպեսզի հնարավոր լինի իրական բանակցությունների մեկնարկ»։

Բացի այդ, Կայա Կալասը նշել է պատժամիջոցների ապագա փաթեթի հնարավոր բաղադրիչները՝ երկրորդային պատժամիջոցներ «Ռուսաստանի պատերազմին աջակցողների դեմ», ռուսական արտադրանքի ներմուծման արգելք, տուրքեր, և «ստվերային նավատորմի» նավերի դեմ պայքարի միջոցների ուժեղացում։

Կալասի խոսքով՝ «նախարարները քննարկել են նաև սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինայի պաշտպանության և վերակառուցման նպատակով»։

«Հաշվի առնելով այն վնասները, որ Ռուսաստանը հասցրել է Ուկրաինային, անհնար է պատկերացնել, որ Ռուսաստանը երբևէ կտեսնի այդ գումարը, եթե լիովին չփոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը», – ընդգծել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։